Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Մեքսիկան պետք է ճանաչի Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը

Մեքսիկան պետք է ճանաչի Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը
05.03.2018 | 18:51

Մեքսիկական Eluniversal պարբերականը երկար հոդված է հրապարակել, որում անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցի նախապատմությանը և քննադատել Մեքսիկայի իշխանություններին ադրբեջանամետ դիրքորոշում ունենալու համար:


«1905-ին Օսկար ՈՒայլդի և Գաբրիել դ’Անունցիոյի մերձավոր ընկեր, գվատեմալացի գրող և լրագրող Էնրիկե Գոմես Կառիլյոն, որն իր ավելի քան 87 վեպերով և պատմվածքներով ճանաչված է իբրև «Ժամանակագրության արքայազն» ճամփորդեց Ռուսական կայսրություն՝ այդ երկրում իրադարձությունների վերաբերյալ հոդվածաշար պատրաստելու նպատակով: Ռուսաստանը, որը ճանաչեց, ալեկոծված էր ամիսներ առաջ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով: Որպես այդ ճամփորդության արդյունք, Գոմես Կառիլյոն գրեց «Ժամանակակից Ռուսաստանը» լուրջ աշխատությունը, որ մեքսիկացի ընթերցողների համար վերջերս է հասանելի դարձել շնորհիվ մշակույթի քարտուղարության ջանքերի: Իր աշխատության 200 էջերում հեղինակը մեզ մատուցում է այն դաժան իրականությունը, որը սողոսկել էր Նիկոլայ Երկրորդ ցարի ողջ կայսրության բոլոր անկյունները. բանվորական ըմբոստություններ, ուսանողական բողոքներ, գյուղացիների չքավորություն, մամուլի գրաքննություն, սոցիալիստական շարժման ճյուղավորում և ընդարձակում, ծայրամասային գավառներում ազգամիջյան լարվածություն` նախահեղափոխական Ռուսաստանի ճշգրիտ պատկեր լատինամերիկացու աչքերով:


Աշխատության թերևս ամենահիշարժան հատվածներից մեկն անդրադառնում է մահմեդական բնակչությանը պաշտոնական Մոսկվային հավատարիմ պահելու նպատակով ցարական իշխանությունների թողտվությամբ Բաքվում թաթարների կողմից (այդպես է հեղինակը կոչում ադրբեջանցիներին) հայ բնակչության ջարդերին, ինչն ուղղակի առնչություն ունի ներկայիս հետ: Գվատեմալացու տաղանդավոր ձեռագրով պատկերված սահմռկեցուցիչ տեսարանները ներկայացնում են աշխարհում քրիստոնությունն առաջինն ընդունած հայ ժողովրդի հանդեպ տարածաշրջանում շարունակական բռնությունների սկզբնավորումը և մեզ ուղղակիորեն բերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բուն ակունքներին:


Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում տարբեր ժողովուրդների և ազգությունների ներկապնակ հանդիսացող Կովկասյան լեռնաշխարհի սրտում տեղակայված Լեռնային Ղարաբաղի շրջանի արմատները գնում են պատմության խորքերը, մեր թվարկությունից առաջ առաջին դարում ձևավորված հայկական հնագույն թագավորությունների մաս կազմելով: Ոչ հեռավոր անցյալում շրջանը վերապրել է տարբեր կայսրությունների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի փոխներգործությունը և բախումները, փաստ, որով պայմանավորվել է իր դժվարին պատմությունը: 20-րդ դարի սկզբին, Կովկաս բոլշևիկյան զորքերի ներխուժմամբ և հետագայում Խորհրդային Միության կազմում ներգրավմամբ, Ստալինի որոշմամբ այդ շրջանը հանձնվեց մահմեդական Ադրբեջանին՝ նրա հավատարմությունը ապահովելու, տարածաշրջանը բաժանելու և հայերի ազգայնական նկրտումները թուլացնելու նպատակով: Խորհրդային վարչակազմն ապահովեց կայունության հարաբերական երկար շրջան, չնայած շրջանի բնակչության 94 տոկոսը կազմող հայերի բազմաթիվ դիմումներին Հայաստանի հետ վերամիավորվելու մասին:


Խորհրդային Միությունում «պերեստրոյկայի» քաղաքականության քամիները դրդեցին, որ 1988-ի փետրվարի 20-ին Ղարաբաղի հայերը կրկին դիմեն Մոսկվային՝ Հայաստանի հետ վերամիավորվելու խնդրագրով, ի պատասխան հայերի պատմական ներկայությունը տարածաշրջանում վերացնելուն ուղղված Բաքվի քաղաքականությանը: Դիմումը մերժվեց, առաջացնելով լարվածության աճ, պայմանավորված Ադրբեջանում հայերի դեմ հարձակումների մասին լուրերով: Փետրվարի 27-ի գիշերը Բաքվից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական Սումգայիթ քաղաքում հայերի դեմ իրականացվեց ջարդ, որի հետևանքով Կասպյան ծովում տեղակայված խորհրդային դեսանտային ստորաբաժանումները մուտք գործեցին քաղաք՝ կասեցնելու ողբերգությունը:
Այս իրադարձությունը հակամարտության համար շրջադարձային դարձավ, երբ հայերի դեմ բռնությունների շարանը չընդհատվեց, պարզորոշ ցույց տալով, որ Լեռնային Ղարաբաղի պահանջներին խաղաղ լուծում տալու նպատակով Ադրբեջանի հետ բանակցությունները գործնականում անհնար են:


Առճակատումը վերածվեց Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը և հաղթեց պատերազմի դաշտում, ինչի արդյունքում ստեղծվեց Մինսկի խումբը՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությամբ: 1994-ին ստորագրվեց հրադադարի վերաբերյալ Բիշքեկի արձանագրությունը: Այդ պահից ի վեր Լեռնային Ղարաբաղը դեֆակտո հաստատեց հանրապետություն, չնայած դեռևս մնում է չճանաչված միջազգային հանրության կողմից: ԼՂ հակամարտությունը վերածվեց ազգամիջյան առաջին զինված բախմանը, հանդիսանալով ԽՍՀՄ փլուզման արդյունքում սառեցված հակամարտություններից մեկը, և 30 տարի շարունակ լարվածությունը պահպանվում է: Ի լրումն Սումգայիթի ջարդերի, հայերը ենթարկվեցին պոգրոմների Կիրովաբադում 1988 թ. նոյեմբերին և 1990 թ. հունվարին Բաքվում (ուշագրավ է աշխարհի լավագույն շախմատիստ համարվող Գարի Կասպարովի պատմությունը, որն իր հայկական արմատների պատճառով ընտանիքի հետ ստիպված էր փախչել Բաքվից, փրկվելով անխուսափելի սպանություններից): Այդուհանդերձ, Ադրբեջանի կառավարությունը հերքում է փաստերը: Միաժամանակ ադրբեջանական կողմը փորձում է հայկական կողմին մեղադրել, որ 1992-ի փետրվարի 25-26-ի գիշերը Ստեփանակերտից 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Խոջալու բնակավայրում տեղի է ունեցել «ցեղասպանություն»: Հայկական զորամիավորումներին վերագրվող Խոջալուի հանցագործության ադրբեջանական մեղադրանքներն առնվազն վիճարկելի են, քանի որ բնակավայրում տեղի ունեցածի մանրակրկիտ ուսումնասիրության պարագայում հավանական է հանգել եզրակացության, որ այն Ադրբեջանում տարբեր ինտրիգների և քաղաքական ներքին պայքարի արդյունք է:


Օրինակ, այդ երկրի առաջին նախագահ Այազ Մութալիբովը տարբեր առիթներով մամուլին հայտարարել է, որ հանցագործությունը սադրել է ընդդիմությունը (որին պատկանում էր Հեյդար Ալիևը, որ 1993-ին վերցրեց իշխանությունը, հաստատելով բռնապետություն, որը շարունակվում է իր որդի` ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի օրոք), մեղսակցությունը Մութալիբովի վրա բարդելու և վերջինիս պաշտոնազրկելու համար: Զուգահեռաբար, տարբեր կազմակերպություններ, ինչպես, օրինակ, Helsinki Watch-ը, հայտարարել է, որ Խոջալուի քաղաքացիական բնակչությունն օգտագործվել է որպես կենդանի վահան ադրբեջանցի զինվորականների կողմից, որոնք բնակավայրը օգտագործել են Ստեփանակերտի պարբերական ռմբակոծումների համար: Ադրբեջանի կառավարության կողմից այս իրադարձության քաղաքական շահարկմանը զուգահեռ տեղի է ունենում սպառազինությունների մրցավազք և ռազմատենչ հռետորաբանություն հայերի դեմ, նպատակ հետապնդելով վերադարձնել այդ շրջանը ուժի միջոցով: Ի պատասխան, անցած տարվա փետրվարի 20-ին Արցախի իշխանություններն իրականացրին գործադիր իշխանության հզորացմանն ուղղված սահմանադրական հանրաքվե, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ գործիքակազմ ունենալ ի դեմս Ադրբեջանի աճող և մշտական թշնամական կեցվածքի: Չնայած առաջին հայացքից հակամարտությունը կարող է թվալ հեռավոր և նվազ կարևոր Մեքսիկայի համար, Ադրբեջանի դեսպանության կողմից 2008-ից սկսած հասարակական տարբեր հաստատություններում իրականացվող լոբբիստական ակտիվ աշխատանքի շնորհիվ մեր երկիրը ներգրավվել է հիմնահարցում: Ադրբեջանի ռազմավարությունը, առավել լայն հայտնի որպես «Խավիարային դիվանագիտություն», իրենից ներկայացնում է նավթադոլարներով հարուստ այդ երկրի կողմից արշավ, որ միջազգային հանրությունը ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը: Այդ իմաստով և չարաշահելով խնդրի անտեղյակության հանգամանքը, Մեքսիկան դիտարկվել է որպես Լատինական Ամերիկայում կարևորագույն հանգույց ընդդեմ Հայաստանի նշված կեցվածքի տարածման համար: Լոբբիստական այդ գործընթացը հասավ իր նպատակին 2011-ին, երբ Մեքսիկայի Պատգամավորների պալատը և Սենատն ընդունեցին Խոջալուի ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների օկուպացման համար Հայաստանին մեղադրելու վերաբերյալ երկու բանաձևեր: Զուգահեռաբար, Տլաքսկոակե հայտնի հրապարակում Մեխիկոյի քաղաքի իշխանությունների ամենայն աջակցությամբ Ադրբեջանը տեղադրեց հուշարձան, որով ճանաչվում է Խոջալուի այսպես կոչված ցեղասպանությունը:


Երկու դեպքում էլ մեքսիկացի անտեղյակ քաղաքական գործիչները թույլ են տվել մի շարք կոպիտ սխալներ, այդ ժամանակ առաջացնելով դիվանագիտական ճգնաժամ և վնասել են մեր երկրի հեղինակությանը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Թեև Արտաքին հարաբերությունների քարտուղարությունը չեզոքություն է պահպանում, սատարելով Մինսկի խմբի գործունեությանը, և երբեք չի խորհրդակցել ոչ օրենսդիր մարմնի, և ոչ էլ քաղաքի իշխանությունների հետ, այդուհանդերձ Մեքսիկան փաստացի որդեգրել է ադրբեջանամետ դիրքորոշում, հաշվի առնելով, որ մինչ օրս չեն չեղարկվել Խոջալուի ցեղասպանության ճանաչման և Հայաստանին օկուպացիայի մեջ մեղադրող 2011-ի բանաձևերը: Այս պատմության վերջին դրվագում 2017-ի հոկտեմբերին մեքսիկացի երեք պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղ առաջացրեց Ադրբեջանի դեսպանության հզոր բողոքը, որի պնդմամբ նրանք ապօրինի և առանց Ադրբեջանի թույլտվության մուտք են գործել «օկուպացված տարածքներ»: Իրականում, Բաքվի կողմից սովորական դարձած նման տեսակի բողոքները նպատակ են հետապնդում վախեցնելու հակամարտության հայկական տեսակետին ծանոթանալ ցանկացող քաղաքական գործիչներին: Այդ քաղաքականության հիմնական նպատակն է թույլ չտալ այցելուներին տեղում ծանոթանալ իրականությանը և այդկերպ աջակցել աշխարհի ամենակոռումպացված և ավտորիտար ռեժիմներից մեկին (2017-ի մամուլի ազատության սանդղակում 180 երկրների շարքում Ադրբեջանը գրավում է 160-րդ տեղը):


Լեռնային Ղարաբաղում պատերազմի 30-ամյակը լավ առիթ է Մեքսիկայի համար վերաիմաստավորելու տարածաշրջանի հանդեպ իր քաղաքականությունը և սահմանելու նոր հիմքեր լուրջ և պատասխանատու դերակատար դառնալու համար, հատկապես հաշվի առնելով շփման գոտում մշտական լարվածության արդյունքում Բաքվի և Երևանի միջև նոր ռազմական բախման հավանականությունը:


Որպես առաջին քայլ Մեքսիկան պետք է ճանաչի Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը, ինչը համահունչ կլինի մեր արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներին: Այս առաջին քայլը պետք է ուղեկցվի նոր ռազմավարությամբ, որը կբացառի Խոջալուում տեղի ունեցածի առնչությամբ Ադրբեջանի աղավաղումները՝ այսպես կոչված մի ցեղասպանություն, որը չի ճանաչվել միջազգային հանրության որևէ լուրջ անդամի կողմից, ՄԱԿ-ի կամ էլ Ցեղասպանության ուսումնասիրման միջազգային ընկերակցության կողմից: Հատկապես պետք է գիտակցել, որ Խոջալուի ցեղասպանության ճանաչման արշավը 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման ռազմավարության մաս է կազմում, ռազմավարություն, որի իրականացնողը Թուրքիան է, իսկ Ադրբեջանը Անկարայի հիմնական դաշնակիցն է: Հետևաբար, որպես առաջին քայլ անհրաժեշտ է ձեռնարկել նախկինում կատարած սխալների ուղղումը, որոնց արդյունքում ամոթալի ժառանգություն ենք ստացել Տլակսկոակեի հրապարակում հուշատախտակի ու երկու բանաձևերի տեսքով, որոնք խորապես վիրավորելով հայերին, մասնավորապես պաշարված և սպառնալիքի ներքո ապրող Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, վիրավորում են Մեքսիկայի ժողովրդին, մատուցելով որպես ճշմարտություն պատմական մի փաստ, որն առնվազն լուրջ կասկածների տեղիք է տալիս:


Ռիկարդո Խավիեր Կարդենաս ԳՈՒՏՅԵՐԵՍ
Քաղաքական գիտությունների դոկտոր, միջազգայնագետ

Դիտվել է՝ 2323

Մեկնաբանություններ